Գառնիում ամբողջությամբ վերանորոգվելու է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի ներտնտեսային ցանցը: Այս մասին Համաշխարհային բանկի տեսչական խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության ղեկավար Յան Մեթսոնը ներկայացրել է, որ Հայաստանում են՝ ուսումնասիրելու ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող Հայաստանի ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի ընթացքը:
«Կառույցը, որ ես ներկայացնում եմ, քննում է ՀԲ ծրագրերի իրականացման ընթացքում համայնքների կողմից ներկայացված դժգոհություններն ու առարկությունները: Նման փորձ մենք ունեցանք Կոտայքի մարզի Գառնի համայնքի հետ՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ընթացքում: Ծրագրի նախագծային լուծումների, հնարավոր բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների վերաբերյալ ավելի քան երկու տարի տարվող քննարկումներն ավարտվեցին անցյալ տարի, եւ կարող ենք արձանագրել, որ համայնքի կողմից ներկայացված բոլոր առարկությունները դարձել են քննարկման առարկա եւ վերջնական ծրագրում կատարված փոփոխությունների հիմք: Այս առումով շատ ոգեւորող է, որ համայնքի ձայնը լսելի եղավ»,- ասել է Յան Մեթսոնը:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը մանրամասնորեն ներկայացրել է ծրագրի ընթացքը եւ կատարված փոփոխությունները.
«Պետք է նշեմ, որ փոփոխված տարբերակում, իրոք, ներառվել են համայնքի կողմից ներկայացված եւ ՀԲ-ի կողմից հիմնավոր համարված բոլոր առարկությունները»,- ասել է Ա. Հարությունյանը եւ հավելել, որ սա Գառնի համայնքում իրականացվող միակ ծրագիրը չէ. Եվրասիական բանկի ֆինանսավորմամբ համայնքում ամբողջությամբ կվերանորոգվի ոռոգման ներտնտեսային ցանցը եւ գյուղը սնող մայր ջրանցքի 6 կմ հատվածը:
«Բացի այդ, կուզենայի անդրադառնալ Գեղարդալճի ջրամբարի վերակառուցման աշխատանքներին, որոնց 90 %-ն արդեն ավարտված է: Այս նախագծի ընթացքում նախատեսվում է Գիլանլար վտակից դոտացիոն ջրանցքի կառուցման լրացուցիչ աշխատանքներ իրականացնել, ինչի շնորհիվ ոչ միայն հնարավոր կլինի շուրջ 10 մլն. կվ/ժ էլեկտրաէներգիայի խնայողություն անել, այլեւ՝ ապահովել շրջակա 4 գյուղերը՝ ինքնահոս ոռոգման ջրով»,- ասել է Ա. Հարությունյանը:
Նշենք, որ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխվել է Ազատ գետի հունով 5.2 կմ ներքեւ` ներկայումս գործող Հացավան պոմպակայանի տարածք: Այս մոտեցումը հնարավորություն է տվել խուսափել կիրճի՝ որպես հանգստյան գոտի ներկայացվող տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաեւ՝ հեռացնել ջրառի կետը բնության հուշարձաններից` բացառելով կիրճի գրեթե բոլոր հողատերերի առնչությունը ծրագրին:





























