ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերում հայտնել է, որ երկրի ԱՆ-ն պետք է դիմի Գերագույն դատարանում մուտքի արգելքի վերականգնման մասին լսումներն արագացնելու, նաեւ որ այդ արգելքը խստացնելու հարցումով, հայտնում է Gazeta–ն։
«Մարդիկ, իրավաբաններն ու դատավորները կարող են դա անվանել ինչպես կամենան, բայց ես այն անվանում եմ այնպես, ինչպես մեզ է պետք ու ինչ այն իրականում հանդիսանում է ՝ մուտքի արգելք»,- գրել է նա։
Թրամփի խոսքով, Արդարադատության նախարարությունը իզուր է Գերագույն դատարանի քննարկմանը ներկայացրել հրամանագրի ոչ թե սկզբնական, այլ «մեղմացված», «պոլիտկորեկտ» տարբերակը։
Ընդ որում ԱՄՆ նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ում ամեն դեպքում իրականացվելու են երկիր մտնող բոլոր անհատների խիստ ստուգումներ, որպեսզի ամերիկացիները անվտանգության մեջ լինեն։ Նրա խոսքով, դատարանները «դանդաղ ու քաղաքականացված են»։
Մարտին Թրամփը պաշտոնապես ստորագրել էր ներգաղթի մասին նոր հրամանագիր, որը ներառում է վեց երկրների քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելք։ Այդուհանդերձ, այն, իր նախորդի նման, չեղարկվել է վերաքննիչ դատարանի վճռով։





























