Որեւէ մեկն իրավունք չունի ծխողներին անհաջողակ ասել: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի մեծ աղմուկ հանած հայտարարությանը, թե ծխողները սովորաբար անհաջողակներն են:
Նրա խոսքով, ինքն արդեն երեք տասնամյակ է՝ չի ծխում եւ կողմ է կառավարության՝ հասարակական վայրերում ծխելն արգելելու ծրագրին, սակայն որեւէ մեկն իրավունք չունի ծխողներին անհաջողակ ասել. «Ես այդ կարծիքն ընդհանրապես չեմ կիսում»:
Պատգամավորը լուծում չի համարում նաեւ ծխախոտի թանկացմամբ ծխելու դեմ պայքարելը. «Ես չեմ կարծում, որ ծխախոտի թանկացումն է ճիշտ ճանապարհը: Այլ ճանապարհներ նույնպես կան՝ բացի ծխախոտի գնից։ Համոզված եմ, որ եւ ծխողները, եւ չծխողները լավ հասկանում են, որ ծխելու դեմ պայքար ցանկացած երկրում պիտի մղվի»։
Իշխանության ներկայացուցիչը վստահ է, որ եթե նախագիծը օրենք դառնա, ապա այն կաշխատի՝ ինչպես Ռուսաստանում։
«Ցանկացած երկրում պայքար մղվել է, ու դա երբեւէ ժամանակից շուտ կամ ուշացած չի կարելի համարել։ Համոզված եմ, որ դրական արդյունք կունենանք, թե որքան, ժամանակը ցույց կտա, բայց անհրաժեշտ է պայքարել։ Տուգանքի հարցը կորոշվի քննարկումների արդյունքում, դա միջինացված թիվ կլինի՝ ինչպես տարբեր երկրներում»,–ասաց Գագիկ Մելիքյանը։





























