ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի միջեւ հնարավոր կապերի մասին հետաքննության շուրջ բանավեճերը չպետք է ազդեն Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Վաշինգտոնի մտադրության վրա։ Նման դիրքորոշում, ըստ Թիլերսոնի, ունի անձամբ Թրամփը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Թիլերսոնը հայտնել է, որ Թրամփը կարգադրել է ջանքեր գործադրել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ անկախ ԱՄՆ-ում տիրող քաղաքական մթնոլորտից։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք նա մտահոգված է, որ ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել Թրամփի իմփիչմենթին, Թիլերսոնը նկատել է, որ այդ հարցի շուրջ որեւէ տեղեկություն չունի։ «Նախագահը հստակ ասել է ինձ, որ մենք չպետք է թույլ տանք, որ մեր երկրում կատարվող քաղաքական իրադարձությունները խանգարեն այդ փոխհարաբերություններին վերաբերող աշխատանքներին։ Նա նաեւ հստակ ասել է, որ մենք կարող են առաջընթաց ապահովել։ Իսկ բոլոր այդ մյուս հարցերին ես չեմ մասնակցում»,- ասել է Թիլերսոնը Նոր Զելանդիայի վարչապետ Բիլ Ինգլիշի հետ հանդիպումից հետո։





























