Այսօր` նոյեմբերի 25-ին, ժամը 13: 20-ի սահմաններում ավտոպատահար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում՝ Ոստիկանական ակադեմիայի հարեւանությամբ: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռեւս չպարզված հանգամանքներում միմյանց են բախվել BMW մակնիշի 13 LS 441 համարանիշի եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 10 US 962 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «ՎԱԶ 2106»-ի ուղեւորն ու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Նրանք տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո հանձնարարել են ՃՈ աշխատակիցներին՝ վթարված ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխել ՃՈ տուգանային հրապարակ:

ՃՏՀ քննության բաժնի քննիչները մեկնել են «Էրեբունի» հիվանդանոց, որպեսզի ճշտեն հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: