Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ ընդլայնելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարատուների ցուցակն ու սահմանելով ընտանիքի կազմը:
Այսօր՝ հունիսի 7-ին, նախագծի ներկայացման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ եթե այժմ հայտարարատուների թիվը կազմում է շուրջ 500, ներկայացվող փոփոխությամբ նրանց թիվը կհասնի մինչեւ 2200-ը:
«Կազմում կներառվեն դատախազները, քննիչները, հատուկ ծառայություններում գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք եւ գնումների բողոքարկման խորհրդի անդամները: Եթե հանրային ծառայության այս կամ այն ոլորտին է վերաբերում, ապա բարձրագույնից շեմն իջեցվել է մինչեւ գլխավոր: Հաջորդը հստակեցվել է ընտանիքի կազմը. Նոր փոփոխությամբ ընտանիքի կազմում ներառվում են ամուսինը, անչափահաս զավակը, խնամակալության կամ հոգաբարձությամբ ներքո գտնվող անձինք, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյայի հետ համատեղ ապրող ցանկացած անձ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Առաջարկվող նախագծով, պատգամավորի խոսքով, ներմուծվելու է շահերի հայտարարագրման ինստիտուտը:





























