Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանին մտահոգում է անանուն դիմումների ինստիտուտն օրենքով կարգավորելու մասին հարցը:
Այսօր՝ հունիսի 7-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման մասին նախագծի քննարկման ժամանակ Սամվել Ֆարմանյանը հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք մտահոգություն իրենք չունեն անանուն դիմումների վերաբերյալ:
«Խորհրդային տարիներին անանուն դիմումների ամենամեծ քանակը հասնում էր մեր Հանրապետությանը: Հաշվի առնելով քաղաքական մշակույթի այն մակարդակը, որում մենք գտնվում ենք, ԶԼՄ-ների այն բնութագրային ելեւէջները, կարող է հնարավորություն տալ, որ պարոն Պողոսը չի սիրում պարոն Պետրոսին, կազմակերպում է եւ պարոն Կիրակոսը նամակ է գրում հանձնաժողովին, մամուլում էլ հրապարակում է լինում, որ այս ինչ պաշտոնյայի վերաբերյալ քննություն է ընթանում հանձնաժողովում, մամուլն էլ դիմում է հանձնաժողովին, նրանք էլ չեն հերքում, 20 օրվա ընթացքում պետական պաշտոնյային կդարձնեն արատավոր պաշտոնյա, հետո հանձնաժողովը կհերքի, բայց բանը բանից անցած կլինի արդեն»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը հեգնեց գործընկերոջը՝ մտահոգություն կունենար, եթե այդ սարսափելի տեսարանը նախագծում ներկայացված լիներ:
«Առաջինը, հանձնաժողովին որեւէ մեկը նամակ չի հասցեագրում, հանցագործության մասին հաղորդում ներկայացվում է գլխավոր դատախազություն, որեւէ մեկը դրա մասին չի իմանում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Սամվել Ֆարմանյանը մնաց իր կարծիքին. այդ ինստիտուտի ներդրման վերաբերյալ երկար պետք է մտածել, քանի որ այն լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր կարող է պարունակել:
Նշենք, որ Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 7-ին, քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրինագիծը:





























