Մինչեւ 2017 թվականի ավարտը ԵՏՄ-ն արժութային թրեյդերների եւ բրոքերների միասնական շուկա կունենա։ Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն Տիգրան Դավթյանը։
Երկրները համաձայնության են հանգել եւ պատրաստ են համապատասխան համաձայնագիր ստորագրել, հավելեց նա։ Միակ սահմանափակումը՝ թրեյդերը կարող է աշխատել միայն իր հին հաճախորդների հետ եւ չի կարողանա տվյալ երկրի բնակիչներին ներգրավել (այլ կերպ ասած՝ հայ թրեյդերը Մոսկվայի բորսայում ռուսական ընկերությունների հետ չի կարողանա աշխատել)։
«Հանրապետությունների ֆինանսական իշխանությունները մրցակցության խեղաթյուրման հետ կապված մտավախություններ ունեին։ Այդ պատճառով մենք որոշեցինք՝ եկեք նախ այսպես անենք, հետո կքննարկենք լիակատար ազատականացումը»,- հավելեց Դավթյանը։




























