Երեւանում այսօր՝ հունիսի 8-ին, ընթանում է «Կանանք հանուն խաղաղության եւ կայունության. խաղաղությունը սկսվում է քո տնից» վերտառությամբ հինգերորդ միջազգային կոնֆերանսը:
Այս տարի կոնֆերանսի թեման էր «Ժամանակակից մարտահրավերները լուծելու նոր ուղիների որոնում: Կին խաղաղարարների պատմությունները»: Նպատակն էր վերլուծել հակամարտող երկրներում տիրող իրավիճակը, մասնավորապես կանանց վրա պատերազմների եւ հակամարտությունների կործանարար ազդեցությունը:
Կոնֆերանսին ներկա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր ելույթում կարեւորեց կանանց մասնակցությունն այս գործընթացին: Ըստ դեսպանի՝ այսօր աշխարհում ավելի քիչ են պատերազմներն ու բռնությունները, քանի որ կանայք ավելի շատ իրավունքներ ունեն, սեռերի միջեւ կա հավասարություն:
«Եվրոպական միությունը սեռերի միջեւ հավասարությունը շատ է կարեւորում եւ դրա ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում: Գիտնականներն ապացուցել են նաեւ, որ ընտանեկան բռնությունները, ի տարբերություն մյուսների, դժվարությամբ են իրենց դիրքերը թուլացնում, այդ պատճառով շատ ենք կարեւորում Հայաստանի ջանքերն այս ուղղությամբ եւ հորդորում ենք Հայաստանի Կառավարությանն ավելի գործուն քայլեր ձեռնարկել»,- ասաց դեսպանը:
Նա խորհուրդ տվեց հայ կանանց տեր կանգնել իրենց իրավունքներին, լինեն առաջատարներ եւ պաշտպանեն իրենց իրավունքները:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիտ Մարգարեթ Ֆարնվորթն իր խոսքում նույնպես կարեւորեց կանանց դերը խաղաղության հաստատման եւ պահպահման գործում:
«Մեր դեսպանատունը պատրաստ է աջակցել Հայաստանին կանանց դերի բարձրացման հարցում»,- ասաց դեսպանը:
Իր ելույթում Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպարտին նույնպես ընդգծեց զինված հակամարտությունների լուծման ընթացքում եւ դրանից հետո կանանց կարեւորությունը:
Նշենք, որ կոնֆերանսը տեւելու է մինչեւ երեկո: Դրա միայն մի մասն էր բաց լուսաբանման համար:





























