Գյուղապետերին ընդհանրապես ձեռնտու չէ համայնքների խոշորացումը, եւ շատ տարօրինակ է, որ գյուղապետերը դրան դեմ չեն արտահայտվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի եւ հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշել է «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով, գյուղապետերը, ըստ էության, չեն էլ արտահայտում իրենց համայնքի բնակիչների կարծիքը եւ ցանկալի է, որ նախքան այս նախագիծն այստեղ բերելը՝ մարդկանց հետ քննարկվի:
Թանդիլյանը նշեց, որ համայնքների խոշորացման արդյունքում վարչական աշխատողները կկրճատվեն, եւ արդյոք հետաքրքրվել են, թե ինչ է լինելու նրանց ճակատագիրը հետագայում. «Ես ներքին արտագաղթի խնդիր եմ տեսնում. արդյոք մարդիկ կարողացել են հարմարվել նոր համայնքում, ի՞նչ խնդիրներ ունեն, եւ արդյոք կարողացել եք այդ խնդիրներին լուծում տալ։ Սրանք հարցեր են, որոնց ամբողջական պատկերն այս պահին չունենք»։
Այնուհետեւ «Ելք»-ի ներկայացուցիչը դիմեց հասարակությանը. «երբ ձայն էիք տալիս ՀՀԿ-ին, չէի՞ք գիտակցում, որ ձեր համայնքները խոշորացվելու են, եւ փողոցները փակելու խնդիր է լինելու: Ինչպե՞ս է լինում, որ Սոդք գյուղում 530 ձայնով ընտրվում են հանրապետականները, 9 ձայնով՝ «Ելքը», սակայն, ես ու մեր դաշինքի իմ գործընկերներն ամեն օր ահազանգեր ենք ստանում նրանցից։ Մենք բոլորի պատգամավորն ենք, դա չէ հարցը, բայց ուզում եմ մեր քաղաքացիներին ասել՝ ընտրության օրը ձեր կատարած ընտրությունը կապ ունի հետագա ձեր ամեն օրվա հետ, եւ սա դրա վառ ապացույցն է։ Այնպես չէ, որ ՀՀԿ-ն հանկարծ բերել է այս ծրագիրը, մինչ այդ էլ էր բերել, եւ պետք էր իմանալ, որ այս գործընթացը չի դադարելու»:
Նշենք, որ այսօր Հայաստանում արդեն հան 18 խոշորացված համայնքներ, որոնց մեջ 140 համայնքներ են միավորված, իսկ այժմ կառավարությունն այս օրինագծով առաջարկում է ձեւավորել եւս 34 խոշորացված համայնքներ, որոնց մեջ կմիավորվեն 328 համայնքներ:





























