Վայոց ձորի նախկին մարզպետ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ նոր ստեղծվող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդյունավետ չի գործի։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորն ասաց՝ հանձնաժողովը պետք է ընդդիմության մասնակցությամբ ձեւավորվի, որ հնարավոր լինի վերահսկողություն իրականացնել։
«Դա դեռ պետք է ընդդիմությամբ ձեւավորվի, որպեսզի հնարավոր լինի վերահսկել գործադիր իշխանության աշխատանքը»,–ասաց Սերգեյ Բագրատյանը, որը ոչ վաղ անցյալում մեղադրվում էր կոռուպցիայի եւ չարաշահումների մեջ։
Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանը ԲՀԿ–ՀՀԿ կոալիցիոն քվոտայով 2010–2012 թվականներին զբաղեցնում էր Վայոց ձորի մարզպետի պաշտոնը։ Մարզպետի պաշտոնից ազատվելուց մեկ տարի անց Հատուկ քննչական ծառայությունում Սերգեյ Բագրատյանի դեմ հարուցվեց քրեական գործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ Ըստ հրապարակումների՝ համայնքների ղեկավարներից նախկին մարզպետը պահանջել և ստացել էր համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք, ըստ իրավապահների եղել են կեղծ, որի արդյունքում դիզելային վառելիքն իրականում չի բաշխվել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարներն էլ հափշտակվել են։
Երբ Սերգեյ Բագրատյանին հիշեցրինք նախկինում իր դեմ հարուցված քրեական գործի մասին, ասաց՝ չգիտի ինչի մասին է խոսքը։ Նախկին մարզպետի համար անընդունելի է նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի ազդարարի մասին դրույթը, ըստ որի՝ աշխատակիցները կարող են գործընկերների կոռումպացված լինելու վերաբերյալ անանուն հաղորդում ներկայացնել հանձնաժողովին։ Ըստ պատգամավորի՝ այդպիսի մարդիկ հիմա էլ կան։
«Այդպիսիք հիմա էլ կան, այդ ինստիտուտը եթե նոր ստեղծվի, կաշխատի, իսկ ինչ–որ եղել է նախկինում եւ դա կիրառվի, իհարկե, բացասական կընկալվի»։
Մեր հարցին՝ իր գործունեության վերաբերյա՞լ էլ անանուն բողոք էին ներկայացրել իրավապահ մարմիններին, ասաց. «Չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանը պատգամավորի մանդատը վաստակեց մեծ դժվարությամբ։ Նրա կամքին հակառակ դաշինքը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչին ընդդիմացավ Բագրատյանը եւ դարձավ պատգամավոր։ Մինչ օրս նրա պատգամավորական ճակատագիրն անհայտ է, չի բացառվում, որ օրերից մի օր նա էլ հրաժարվի մանդատից, ինչպես իր հետ մանդատի համար պայքար մղած թիմակիցները։ Ամեն դեպքում, Սերգեյ Բագրատյանը պնդում է, որ իր պատգամավորական ապագան կախված է ֆրակցիայի որոշումից։





























