Դա իրենց իրավունքն է, մենք շարժվելու ենք օրենքով սահմանված կարգով: Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության՝ նիստերը բոյկոտելուն եւ առանձին նիստեր գումարելուն այսօր՝ հունիսի 9-ին, նման կերպ արձագանքեց Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Մենք օրինական մեր նիստերը հրավիրում ենք: Թե այն խմբակցությունը, որը ժողովրդի կողմից քվե է ստացել եւ պետք է գար այդ քվեին պաշտպան լիներ եւ այդ քվեն ստացած ներկայացներ իր ծրագրերը, ավելի արդյունավետ կլինի, որ նիստերին մասնակցեն, առաջարկներ ներկայացնեն»,- ասաց քաղաքապետը:

Հիշեցնենք, որ ավագանու անդրանիկ նիստին այսօր չէին մասնակցում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները: Նրանք «այլընտրանքային» նիստ են արել: