Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանը որպես աշխատանքից ազատվելու պատճառ նշել է ծանրաբեռնվածությունը:

Այսօր՝ հունիսի 9-ին, Երեւանու նորընտիր ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծեց՝ Գայանե Սողոմոնյանը ազատվել է սեփական դիմումի համաձայն:

«Գայանե Սողոմոնյանի բացատրությունն էր, որ ինքն ինստիտուտում դաս է տալիս, ժամանակի խնդիր ունի եւ խնդրեց, որ ազատվի աշխատանքից»,- ասաց քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը հերքեց մամուլի տեղեկությունները, որ վարչության նորանշանակ պետը Երեւանու ավագանու ընտրություններին մասնակցել է որպես կեղծ դիտորդ:

«Ես այդ կարծիքին չեմ, ԿԸՀ-ի պատասխանը կա, մեր պատասխանը կա արդեն: Ինչ վերաբերում է հանրակրթության վարչության նոր պետին, նա լավագույն դպրոցներից մեկի տնօրենն է եղել, մենք էլ նախընտրել ենք, որ դպրոցի տնօրեն լինի հանրակրթության վարչության պետը. որը մանրակրկիտ ծանոթ է խնդիրներին»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչու­թյան նորանշանակ պետ Աննա Ստեփանյանն իր ուրույն ներդրումն է ունեցել Երեւանի ավագանու մայիսի 14-ին կայացած ընտրությունների ժամանակ:

«Ազատություն» ռադիոկայանի այդ օրվա տեսանյութում նշվում է, որ նա որպես դիտորդ ընտրատեղամասերից մեկում գտնվել է կեղծ վկայականով: Տիկինը ներկայացել է «Կրթություն եւ մշակույթ» կազմակերպության անունից: Նա, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես դիտորդ գրանցված չի եղել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի կինն ազատվել է աշխատանքից: Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Երեւանի Սիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը: