Խոսակցություններն այն մասին, թե 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ցուցակում տարեց՝ «հին գվարդիայի ներկայացուցիչ» ՀՀԿ-ականներն ընդգրկված չեն լինելու, անհեթեթություն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: «Նման շիզոֆրենիկ մտքեր արտահայտողները երեւի չեն ուզում ապագա խորհրդարանում տեսնել իրենց գերեզմանափորներին: Ես նրանց պատասխանել եմ, որ ՀՀԿ-ն եւ նրա ղեկավարը իրենց մակարդակի մարդիկ չեն, որ ընտրություններից տարիուկես առաջ ցուցակներ կազմեն եւ այդ ցուցակներում չլինեն այն բոլոր փորձառու, ճանապարհ անցած պատգամավորները, որոնց անունները այս կամ այն կերպ շոշափվում է»,-հայտարարեց Հարությունյանը: Նա նաեւ ընդգծեց, որ քաղաքական գործիչը պարտադիր չէ, որ պատգամավոր լինի: «Եւ եթե ես պատգամավոր էլ չլինեմ , անպայման շփվելու եմ լրագրողների հետ հասարակության պահանջով: Թե ինչո՞ւ է պատգամավորի տեղը բոլորին այդքան հրապուրիչ թվում՝ ինձ ապշեցնում է»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով՝ պատգամավորի աշխատանքը չունի այն հետաքրքրությունն ու հրապույրը, ինչպես շատերը կարծում են: «Ուստի կարիք չկա ղառղառի նման ասել՝ ով կլինի ցուցակում, ով չի լինի»,-հայտարարեց ՀՀԿ-ի «հին գվարդիականը»:
Հարցին, թե ինքը կցանկանա՞ ներկայացված լինել հաջորդ խորհրդարանում, Հարությունյանը նկատեց, թե ինքը շատ հարուստ կենսագրական փորձ եւ ծառայություններ ունի մատուցած մեր երկրին եւ հարկ չի համարում պատասխանել նման հարցի: «Ինձ որտեղ հանրապետության նախագահն ասի գնա, ես ընդամենը զինվոր եմ, պետք է կատարեմ նրա ցուցումները: Եւ չկարծեք, թե միայն ամենահրապուրիչ պաշտոնը դա պատգամավորի պաշտոնն է: Պատգամավորի աշխատանքը , ինչպես պետական ցանկացած պաշտոն, շատ ծանր աշխատանք է, եթե դու դա կատարես խղճի մտոք»,-հայտարարեց Հարությունյանը: Ըստ նրա՝ խորհրդարան գալիս են նաեւ «թափառաշրջիկները»՝ զուտ ժամանակ վատնելու համար, մինչդեռ ծառայությունը հայրենիքին ծանր, քրտնաջան, մեծ նվիրում պահանջող գործ է:





























