Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչների ջրի խնդիրը լուծվել է: Երկու ամսից ավելի խմելու ջրից զրկված Ծաղկաշեն համայնքի ջրատար խողովակները վերանորոգվել են:  NEWS.am-ի հետ զրույցում Ծաղկաշենի բնակիչներից՝ Արմենը, նշեց, որ փոփոխվել են մաշված ջրատար խողովակները եւ ծորակներից այլեւս մաքուր ջուր է հոսում:

Ավելի վաղ NEWS.am-ի խմբագրություն ահազանգած Ծաղկաշենի բնակիչներից Վրույր Մակարյանը նշել էր, որ գյուղի ջրի խողովակները ցրտից սառել են, որի հետեանքով 20 օրից ավելի գյուղում ջուր չի եղել, իսկ ջրի մատակարարման վերականգնումից հետո այժմ ծորակից կեղտոտ ջուր է հոսում, որն անհնար է օգտագործելը:

Նրա խոսքով գյուղացիները ձյուն են հալեցնում ջուրն օգտագործելու համար, իսկ խմելու ջուր ստիպված են լինում խանութներից գնել, կամ հարազատներին խնդրել, որպեսզի այլ բնակավայրերից ուղարկեն: