ՀՀ նախագահի հանձնարարությամբ եւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սիրիա առաքված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մի մասը հունիսի 9-ին տեղափոխվել է մայրաքաղաք Դամասկոս:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնությունը` հիմնականում հագուստ եւ սննդամթերք, բեռնաթափվել է Դամասկոսի թեմի Սուրբ Սարգիս հայկական առաջնորդանիստ եկեղեցու տարածքում: Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության եւ համայնքի ներկայացուցիչների ջանքերով կկազմակերպվի մարդասիրական օգնության բաշխման գործընթացը:

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու եւ տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիայում գտնվող ՀՀ պաշտպանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի եւ Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դեսպանը նշել է, որ սիրիահայ համայնքը կայացած, ավանդական համայնք է, իր բազմաբնույթ հաստատություններով: Սիրիահայերը երկրում լավ համբավ, ճանաչում եւ հեղինակություն ունեն:

«ՀՀ Նախագահի հանձնարարությամբ իրականացվող մարդասիրական օգնության նախաձեռնությունն էլ ավելի է ամրապնդում հայերի համբավն ու խթանում հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների զարգացումը», - փաստել է դիվանագետը:

Առաջիկա օրերին մարդասիրական օգնության մնացած մասը Սիրիայում Հայաստանի դեսպանության եւ ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով, կտեղափոխվի Հալեպ, Քեսաբ եւ այլ քաղաքներ: