Հունիսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին աղետների եւ արտակարգ իրավիճակների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց, որպես առավել խոցելի խմբի, պաշտպանվածության, նրանց սոցիալական իրավունքների եւ սոցիալական ներառվածության հիմնախնդիրները:

Հյուրերը ներկայացրեցին Եվրամիության ֆինանսավորմամբ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» գործընկեր կազմակերպության հետ համատեղ իրականացվող գրանտային ծրագիրը, որը միտված է լինելու Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքի եւ սոցիալական ներառվածության ուսումնասիրությանն ու դրա արդյունքում հետագա կատարելագործմանն ու հնարավորինս համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին:

ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ներկայացրեց աղետների ռիսկի նվազեցման կառավարության ծրագրում նախարարության կողմից առաջարկվող միջոցառումները, որոնք միտված կլինեն խոցելի խավի, այդ թվում եւ հաշմանդամություն ունեցող անձանց, կարիքների ուսումնասիրությանը, խոցելիության նվազեցմանը եւ պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

Կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառվածության եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական իրավունքների մասին հանրային իրազեկման գործընթացները: