Մալաթիա-Սեբաստիայի մի շարք հատվածներում 17 ժամից անցել են շուրջօրյա ջրամատակարարման:
«Վեոլիա Ջուր» ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Շահումյան» տեղամասի աշխատակիցները կարեւոր նախաձեռնություն էին իրականացնում Շահումյան 16 փողոցի 2, 4, 4ա, 7, 9, 11, 11ա, 13, 13ա, 15, 15ա, 17, 19, 21, 21ա, 21բ, 23, Ոսկանյան փողոցի 2, 4, 5, 5/1 եւ Գագարին փողոցի 3, 10, 12, 18 հասցեի բաժանորդների համար:
«Վերջիններս 150 մմ տրամագիծ ունեցող 50 մ երկարությամբ խողովակով ջուր էին ստանում «Ջամբուլ» օրվա կարգավորիչ ջրամբարից դուրս եկող եւ «Նոյ» թաղամասով իջնող 800 մմ ջրատարից: Սակայն նախ՝ նշված ջրատարը «աշխատում» էր օրական միայն 17 ժամ, եւ հետո՝ խողովակն էլ մի քանի տեղից վթարված էր, զգալի ջուր էր արտահոսում: Մինչդեռ հարեւանությամբ ձգվում էր 500 միլիմետրանոց ջրատար, որի մեջ մշտապես ջուր կար:
Շահումյանցիները որոշեցին մի հարվածով երկու թիրախ խոցել: Վթարված խողովակը, իր վթարներով հանդերձ, նրանք ընդհանրապես շահագործումից հանեցին, իսկ տարածքի բաշխիչ ցանցն ուղղակիորեն միացրեցին տրանզիտ ջրատարին:
Արդյունքում նշված հասցեների անհատական տնատիրությունները նախկին 17-ժամյա ջրամատակարարման գրաֆիկից անցում կատարեցին շուրջօրյա ջրամատակարարման»,-ասված է հաղորդագրության մեջ:





























