Հայաստանի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր՝ հունիսի 13-ին, անցկացվել է «Անալիտիկ խորհուրդ» անվանումով աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումը։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, Խումբը կոչված է արտաքին հարաբերությունների հարցում խորհուրդներ է տալու ԱԺ-ին, այն կգործի մինչեւ 6-րդ գումարման ավարտը:
«Խմբի նպատակն է լինելու օգնել ԱԺ մարմիններին նախեւառաջ հանձնաժողովի միջոցով ստանալ հնարավորինս արդիական եւ ժամանակակից տեղեկություններ ակադեմիական-փորձագիտական ոլորտից, որոնք կօգտագործվեն ԱԺ-ում», - ընդգծեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով. «Մեր ցանկությունը ազնիվ է ձեզ հետ համագործակցության, դա պայմանավորված է մեր էգոիստական շահերով»:
Նիստին հրավիրված քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք ուսումնասիրվե՞լ է այլ երկրներում գործող նման փորձագիտական խմբերը եւ ինչպես են դրանք գործելու ՀՀ-ում, ինչին Աշոտյանը պատասխանեց. «Նման ընթացիկ աշխատանքային փորձ մեր հանձնաժողովն ունեցել է: Թեմատիկ քննարկումներ մասնագիտական հանրույթի հետ եղել է, բայց մշտապես գործող ինստիտուցիոնալ հարթակ չի եղել: Կարծում եմ միասնական ցանկության դեպքում ամեն մեծ պատնեշն էլ կհաղթահարենք»:
Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ պետք չէ ողջ պատասխանատվությունը թողնել մեկ մարդու` միջազգային որեւէ պատվիրակության ղեկավարի վրա, այսինքն` պատասխանատվությունը պետք է կիսեն նաեւ պատգամավորները` լինեն հաշվետու, քանի որ արտաքին աշխարհում անձնական կապերը շատ կարեւոր են:
Ինչ վերաբերում է նրան, որ Խումբը գուցե ֆիկտիվ բնույթ կրի եւ իրական արդյունք չտա, Աշոտյանն ասաց. «Եթե մենք կամ դուք ձեւական եւ ֆորմալ մոտենանք հարցին, մտածենք, որ տեսախցիկները նկարում են, լրագրողները պետք է ռեպորտաժ ստանան, ո՛չ դուք, ո՛չ հանձնաժողովը, ո՛չ էլ ես նման տեսակի PR-ի-ի կարիք չունենք: Ասեմ ավելին, քննարկումների մեծ մասը «off the record» ֆորամտով պետք է լինեն, որպեսզի մեզ համար աշխատենք: Քաղաքական PR-ի բաղադրիչը բացառում եմ, մենք դրա անհրաժեշտությունը չունենք»:





























