ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը որպես փորձագետ հրավիրվել է ԱԺ ստեղծվելիք «Անալիտիկ խորհրդում» աշխատելու, նա այսօր՝ հունիսի 13-ին, ներկա էր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Անալիտիկ խորհուրդ» անվանումով աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպմանը:
Տիգրան Թորոսյանը նշեց, որ պատրաստ է աշխատել այդ խորհրդում. «Անալիտիկ խորհուրդ»-ը բոլոր քիչ թե շատ կայացած երկրներում անհրաժեշտություն է: Առանց դրա արդյունավետ որևէ լուծում պարզապես հնարավոր չէ ակնկալել, որովհետև մեր ժամանակներում կյանքն ու խնդիրները չափազանց բարդ են, և պետք է մասնագիտական խորհուրդ: Դրա համար տեւական աշխատանք է պետք, փոխադարձ հարգանք։»:
Լրագրողների հետ զրույցում Տիգրան Թորոսյանը նշեց նաեւ, որ այսօր երկու հիմնական խնդիր կա երկրում՝ մասնագիտական կարծիքի հաշվի առնում` տարբեր որոշումների կայացման ժամանակ եւ բազմակուսակցական համակարգի ստեղծում, կուսակցությունները նույնպես փորձագիտական կարծիքների կարիք ունեն: «Ցավոք սրտի, հայաստանյան կուսակցությունները շատ մեծ ակնկալիքներ ու բարձր կարծիք ունեն իրենց մասին, բայց հաճախ մեծ պակաս ունեն գիտելիքների ու մասնագիտական հմտությունների»,-ընդգծեց նա:





























