Հայաստանում գրեթե 420 բնակելի շենքեր վթարայնության 3-րդ աստիճան ունեն (նախավթարային): Այս մասին հունիսի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարական եւ գիտատեխնիկական վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ եւս 26 շենք 4-րդ աստիճանի են, քանդելու ենթակա, որտեղից բնակիչներին անհրաժեշտ է անմիջապես տարհանել: Խնդրահարույց բնակֆոնդի վերանորոգման համար մոտ 900 մլն դոլար է պահանջվում, որը պետությունը չունի: «Իհարկե, ցանկալի է միջոցներ գտնել: Բայց եթե վերանորոգման համար լրացուցիչ վճարեն նաեւ իրենք բնակիչները, ապա նրանք շենքին ավելի խնամքով կվերաբերվեն: Որովհետեւ մի շարք դեպքերում շենքերը վթարային են դառնում հենց իրենց անփութության պատճառով: Նկուղում կոյուղու խողովակից կաթում է, իսկ ոչ մեկի պետքն էլ չէ: Իսկ շենքի հիմքը խարխուլ բնահողի վրա է: Այն ողողվում է, իսկ 10 տարի հետո բոլորը փաստի առջեւ են կանգնում»,- նշեց Մովսիսյանը: