Օրերս Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի տարածքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջանքերով եւ Ճամաբարակի քաղաքապետի աջակցությամբ կառուցվել է թաքստոց:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն նախատեսված է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու դեպքում սահմանամերձ համայնքի երեխաների անվտանգությունն ապահովելու համար:
Թաքստոցում կարող է պատսպարվել առավելագույնը 20 մարդ: Սահմանամերձ համայնքներում թաքստոցների կառուցման նախաձեռնությունն ունի շարունակական բնույթ: Մոտ ապագայում նմանօրինակ թաքստոց կկառուցվի նաեւ մարզի մյուս սահմանամերձ համայնքում՝ Վահան գյուղում:
Նշենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը եւ Վահան գյուղը սահմանամերձ համայնքներ են, որոնք բարձրլեռնային են եւ ունեն ծովի մակարդակից շուրջ 2000 մ բարձրություն: Ճամբարակում գործում է չորս միջնակարգ դպրոց, որից երեքը` հիմնական եւ մեկը` ավագ: Ճամբարակն ունի մեկ մարզադպրոց եւ 2 մսուր-մանկապարտեզ:





























