Երեւանում 2016թ. մարտի 14-ի երեկոյան անչափահասի սպանության գործով դատական նիստն այսօր` հունիսի 13-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց: Նիստին չէր ներկայացել գործով մեղադրողը: Դատարան ուղարկած նամակում նա տեղեկացրել էր, որ նիստին չի կարող ներկայանալ այլ դատական նիստի մասնակցելու պատճառով: Նշենք, որ այսօրվա դատական նիստին պետք է հարցաքննվեին վկաները:

Նշենք, որ դատարանն այսօր չխոչընդոտեց արդեն մեկ տարուց ավելի իրենց որդիներին չտեսած Նարեկ եւ Դավիթ Պետրոսյանների ծնողներին մոտենալ եւ համբուրել նրանց:

Նարեկ եւ Դավիթ Պետրոսյաններին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. մարտի 13-ին` ժամը 21-ի սահմանում Երեւան քաղաքի Սարի Թաղի 5-րդ փողոցի 67 հասցեում գործող թիվ 47 դպրոցի մոտ վիճաբանության, ապա ծեծկռտուքի ժամանակ իրենց հետ նախապես վերցված «Թիթեռ» տեսակի դանակով կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ հարվածել են անչափահաս Ա. Բաղդասարյանի սրտին, ինչի հետեւանքով կարճ ժամանակ անց նա մահացել է: Բացի այդ դանակով դիտավորությամբ հարվածներ են հասցրել անչափահաս Սերգեյ Օսիպովին` նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):