Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 13-ին, «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով դատական նիստը հետաձգվեց: Գործով ամբաստանյալների շահերի պաշտպանները չէին ներկայացել դատարան, նրանք գրություն էին ուղարկել եւ տեղեկացրել, որ չեն կարողանա մասնակցել դատական նիստին աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել նաեւ մեղադրողը, որը, սակայն, չէր տեղեկացրել բացակայության պատճառների մասին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 20-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: