Հայաստանի կրթության համակարգն այժմ գտնվում է զարգացման կարեւոր փուլում. տարիների ընթացքում եվրոպական կրթական չափանիշներով ներդրված ձեւաչափը ժամանակին եւ ազգային ավանդույթներին համահունչ  բովանդակային առաջընթացի եւ զարգացման անհրաժեշտություն  ունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, Ասիական զարգացման բանկի  Հայաստանյան  գրասենյակի տնօրեն Շեյն  Ռոզենտալը,  բանկի սոցիալական դեպարտամենտի տնօրեն Ռայ Հիրաոկայի, եւ  կրթության փորձագետ Ջոկո Սարվիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանակի հետ կրթության եւ գիտության ոլորտում նախատեսված համագործակցության ծրագրերը:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կրթության համակարգն այժմ գտնվում է զարգացման կարեւոր փուլում. տարիների ընթացքում եվրոպական կրթական չափանիշներով ներդրված ձեւաչափը ժամանակին եւ ազգային ավանդույթներին համահունչ  բովանդակային առաջընթացի եւ զարգացման անհրաժեշտություն  ունի:

Լեւոն Մկրտչյանը կարեւորել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես փորձագիտական օժանդակությունը Կրթության զարգացման պետական ծրագրի եւ դրանից բխող գործառնական ենթածրագրերի լրամշակման եւ հանրակրթության կառավարման համակարգի՝ դպրոցական, տարածքային եւ ազգային մակարդակներում բարելավման ուղղություններով:

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նախարարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությանը,  միաժամանակ ընդգծելով նաեւ ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման հեռանկարային ծրագրի կարեւորությունը, որն այժմ քննարկումների փուլ է անցնում:

Ասիական զարգացման բանկի  Հայաստանյան  գրասենյակի տնօրեն Շեյն  Ռոզենտալն իր հերթին  շեշտելով, արդյունավետ  քաղաքականության իրագործման եւ դրական արդյունքների ապահովման կարեւորությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները վերը նշված հեռանկարային ծրագրի աջակցության  ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ համագործակցության շրջանակում տեխնիկական եւ աշխատանքային մի շարք հարցեր: