ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Զավեն Զանյանը կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՆ Քրեակատարողական վարչությունը՝ անդրադառնալով կալանավորի բաց նամակին:
ՔԿՎ-ի տարածած պարզաբանման մեջ նշվում է.
«ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Զավեն Զանյանի` զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված բաց նամակում բարձրացված խնդիրների առնչությամբ ՔԿՎ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետեւյալը.
Կալանավորված անձ Զ. Զանյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ մուտք է գործել հունիսի 2-ին եւ գտնվել կարանտինային բաժանմունքում: Վերջինս դիմում է ներկայացրել, որ շարունակում է դեռեւս ձերբակալվածներին պահելու վայրում հայտարարած հացադուլը, ինչից հետո նրան տեղափոխել են հացադուլ հայտարարարած անձանց համար նախատեսված խուց:
Հունիսի 7-ին Զ. Զանյանը դադարեցրել է հացադուլը եւ նրան կրկին օրենքով սահմանված կարգով տեղափոխել են կարանտինային նույն բաժանմունք, այլ ոչ ուրիշ խուց, ինչպես ինքն է պնդում: Հունիսի 8-ին վերջինս, ըստ կարգի, տեղաբաշխվել է կալանավորված անձանց համար նախատեսված այլ խուց:
Ինչ վերաբերում է Զ. Զանյանի առողջական վիճակին, ապա հայտնում ենք, որ բժիշկների զննությունից հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կարգագիր է խնդրել Զ. Զանյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար, ինչն էլ բավարարվել է, եւ վերջինս կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ»:
Ավելի վաղ Զավեն Զանյանը բաց նամակ էր հղել ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, ՔԿ նախագահին, Արդարադատության նախարարին ու ՄԻՊ-ին, որտեղ նշել էր, որ լինելով երկրորդ կարգի հաշմանդամ եւ ունենալով մի շարք ծանր հիվանդություններ՝ գլխի կանտուզիա, որն ստացել է պատերազմում, շաքարային դիաբետ, չունի աջ երիկամ, վերջերս էլ տարել է սրտի ծանր վիրահատություն, ունի լյարդի, լեղապարկի հիվանդություն, հիշողության կորուստ, դիմել է, որ իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղափոխել են թիվ 59 խուց. «Խցում բոլորը ծխում են, իսկ ես սրտի հիվանդ եմ եւ ծխի հոտը չեմ կարողանում շնչել, օդ չկա շնչելու: Ամենածանր սանիտարահիգիենիկ կեղտոտ պայմաններ, խցում պահվում ենք 10 հոգի, որտեղ վխտում են խավարասերներ, ոջիլներ, թախթաբիթիներ: Օրը վատանում եմ մի քանի անգամ, սակայն ՔԿՀ բժիշկը ինձ մոտեցել է ձեւական՝ 2 անգամ եւ վերջ: Այստեղ ես կերել եմ միայն իմ կնոջ բերած ուտելիքը, որովհետեւ ՔԿՀ-ում տալիս են կերակուր, որը որպես հիվանդ չի համապատասխանում իմ սննդակարգին:
Ելնելով վերոգրյալից՝
Խնդրում եմ ձեր միջնորդությունը, որպեսզի ինձ տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», որովհետեւ ծանր հիվանդ եմ:
Ստուգել փաստերը եւ հսկողություն սահմանել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող թիվ 90154613 քրեական գործի վրա:
ԵԿՄ պահեստազորի ենթասպա, 2-րդ խմբի հաշմանդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Շենգավթի տարածքային բաժանմունքի նախագահի տեղակալ Զավեն Ակտիվի Զանյան»,-նշել էր նա:





























