Թեխասում կողոպուտի գործ հետաքննող ոստիկանները մետաֆետամինով կոնֆետներ են առգրավել։ Տարաձեւ «քաղցրավենիքներ»-ի արժեքը (որոնք եղել են նաեւ Բեթմենի ու «Աստղային պատերազմների» հերոսների տեսքով) գնահատվել է 1 մլն դոլար, փոխանցում է Americaru-ն։

Հարեւանը ոստիկանություն է կանչել՝ հայտնելով, որ իր տունը կողոպտել են։ Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանները նկատել են, որ կինն ու տղամարդը կոնֆետներն ինչ-որ տեղ են տեղափոխում։

«Նրանց ավտոմեքենայում այնքան թմրանյութ կար, որ բեռնախցիկը չէր փակվում»,- ասել է լեյտենանտ Ռուբեն Դիասը՝ հավելելով, որ դիզայնից դատելով՝ կարելի է կարծել, որ դրանք երեխաների են վաճառել։

«Այդ տանը նրանք թմրանյութեր են պատրաստել։ Ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել խոհանոցում»,- ասել է սերժանտ Սեդրիկ Կոլյեն։