Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 14-ին,  «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին:

Փաստաբանը՝ Հեկտոր Սարդարյանը, նշեց, որ դատաքննությամբ չի ապացուցվել իր պաշտպանյալի մեղավորությունը, հետեւաբար նա պետք է ճանաչվի անմեղ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն իր հերթին հայտարարեց, որ մեղադրանքը հիմնավորված է, Իսրայել Սարգսյանը պետք է ստանա առավելագույն պատիժը:  Ի դեպ, միայն ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է ազատազրկում մինչեւ 20 տարի ժամկետով կամ ցմահ: Նշենք, որ մեղադրողը պահանջել էր 25 տարվա ազատազրկում:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 19-ին:

Հիշեցնենք, որ 41-ամյա Արթուր Սաֆարյանը` քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրը սպանվել է 2014թ. հունվարի 27-ին: Նրա սպանության գործով կալանավորվել էր Իսրայել Սարգսյանը, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 8-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Տիգրան Ասատրյանի մասով նախաքննությունը դեռ շարունակվում է: