ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր՝ հունիսի 14-ին, այցելել է մի շարք  վերամշակող ընկերություններ` մթերումների գործընթացի կազմակերպման առնչվող խնդիրների քննարկման նպատակով:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարարն այցի շրջանակում մասնավորապես եղել է «Ռագմակ», «ՄՄՄ ՖՕՕԴ», «Արտաշես», «Գոլդեն Հարվիսթ», «Սամ-Հար», «ՎՎՎ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում, ինչպես նաեւ Հովսեփյանների մսի պահածոների կոմբինատում, ծանոթացել արտադրական գործընթացին:

Ընկերությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց գործունեության  ծրագրերը, ընթացիկ խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր ուղիները:

Փոխնախարարն ընդգծել է ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերման գործընթացի սահուն կազմակերպման եւ այդ ուղղությամբ  անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարեւորությունը: Բացի այդ, կարեւորվել է նաեւ գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարումների ժամանակին կատարումը:

Ռոբերտ Մակարյանը հորդորել է ընկերությունների ղեկավարներին հումքի մթերման նպատակով սկսել գյուղացիական տնտեսությունների հետ գնման պայմանագրերի կնքման գործընթացը: