Արցախի վարչապետի հանձնարարականով Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է արեւային էներգիայի ոլորտի հնարավորությունների ուսումնասիրություն: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:
«Վարչապետը հստակ հանձնարարական է տվել՝ սահմանել ժամանակացույց: Վեցամսյա ժամկետում պետք է մեր մասնագետներն ուսումնասիրեն արեւային էներգիայի ոլորտի հնարավորությունները: Ներկայում այդ փուլում ենք, ուսումնասիրություններն ավարտելուց հետո կներկայացնենք կոնկրետ առաջարկներ արեւային էներգիայի ոլորտը զարգացնելու համար»,- ասել է Տ. Գաբրիելյանը եւ նշել, որ Արցախն արեւային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի:
Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ այժմ քարտեզագրման աշխատանքներն են իրականացվում, տարածքներ են առանձնացվում:
«Ուսումնասիրություններն ավելի կոնկրետ ցույց կտան, թե որ հատվածներում կարող ենք արեւային կայաններ տեղադրել: Համոզված եմ, որ բավական մեծ հնարավորություններ կան ոլորտի զարգացման համար: Ոլորտով հետաքրքրվող ներդրողներ կան: Նրանց կոնկրետ հաշվարկներ պետք է ներկայացվեն: Հետեւաբար ուսումնասիրություններն ավարտելուց հետո Արցախի կառավարությունը թիրախավորված կաշխատի ներդրողների հետ: Նախարարությունն առաջնային է համարում նաեւ արեւային էներգիայի կարեւորության հետ կապված բնակչության հետ աշխատանքը:
Այդ ուղղությամբ տեղեկատվական բնույթի աշխատանքներ տարվում են, ու դրանք շարունակվում են: Վարչապետը հանձնարարել է նաեւ Քաղաքաշինության նախարարությանն ուսումնասիրել նորակառույց շենքերի տանիքներին արեւային էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումները տեղադրելու հնարավորությունները: Բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր կամ ¬ հոկտեմբեր ամիսներին»,-ավելացրել է Տ. Գաբրիելյանը:





























