Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 15-ին, դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու ու փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով նիստը չսկսված ընդմիջվեց: Գործով ամբաստանյալ Իշխան Բարսեղյանն իրեն վատ էր զգում, դատարանի որոշմամբ, նրա համար շտապօգնություն կանչեցին: Նախկին դատավոր, գործով ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը դատարանին տեղեկացրեց, որ առավոտից իրեն վատ է զգում` ճնշման տատանում եւ սրտխառնոց կա մոտը: «Վատ եմ զգում, ճնշումս է բարձր, առավոտից վատ եմ զգում, մի կերպ կարողացել եմ գալ: Այսօր ոչ միայն ճնշում, այլեւ սրտխառնոց ունեմ: Ֆիզիկապես էլ վատ եմ»,-ասաց նա:
Դատական նիստը կշարունակվի Իշխան Բարսղյանին բուժօնություն ցուցաբերելուց հետո:
Դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:






























