ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները մոտ երկու շաբաթ առաջ մանրամասն ստուգումներ են իրականացրել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով թիվ 1 տուն-ինտերնատում առկա անմխիթար իրավիճակին եւ բողոքներին:

« Մենք խնդիրներ են արձանագրել ե՛ւ հիգիենիկ պայմանների հետ կապված, ե՛ւ դիետիկ սննդի հետ կապված, ե՛ւ սնունդն ուշացնելու հետ կապված եւ այլն: Այդ հարցը մեր առաջնահերթ ուշադրության ներքո է: Դեռ երկու շաբաթ առաջ մեր աշխատակազմը մանրամասն ստուգումներ է անցկացրել, դրա արդյունքում մանրամասն վերլուծություններ ենք պատրաստել, կոնկրետ, հստակ առաջարկներ, եւ դրանք արդեն ներկայացված են սոցապ նախարարությանը: Մենք արդեն պետք է սկսենք քննարկումների ընթացքը»,-ասաց նա:

Անդրադառնալով թիվ 1 տուն-ինտերնատի մասին մամուլի հրապարակումներին, Թաթոյանն ասաց, որ տեղյակ է դրանցից եւ դրանք եւս ներկայացված են. «Էնտեղ կան խնդիրներ, որոնց վերաբերյալ մենք այլ դիրքորոշում ունենք, բայց ես հենց այսօր եմ հարցը քննարկել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ: Պետք է առաջիկայում լուծումների վերաբերյալ քննարկումներ ունենանք»:

Հարցին, թե արդյոք տուն-ինտերնատի տնօրենի կամ նախարարության թերացման հետեւանք չե՞ն եղել արձանագրված խախտումները, ՄԻ պաշտպանը պատասխանեց, որ իրենք վեր են հանել խնդիրները, բայց գնահատականներ կկարողանան տալ միայն այն ժամանակ, երբ արդեն ստանան պարզաբանումները եւ առաջարկների պատասխանները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը բաց նամակ էր ուղղել վարչապետին եւ տեղեկացրել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում տեղի ունեցող չարաշահումների մասին: Նամակում դժգոհությունները հիմնականում նորանշանակ տնօրեն Վահան Զուրաբյանի գործելաոճին էին ուղղված. նրան մեղադրում են ագրեսիվ վարքագիծ դրսեւորելու, «ծերերին տեռորի ենթարկելու» մեջ: Նշվել է, որ տուն-ինտերնատում կան խնդիրներ կապված սննդի, չարաշահումների եւ բնակիչների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված, որոնց մասին արդեն մի քանի անգամ բարձրաձայնում է, սակայն, այդպես էլ ոչինչ չի արվում: