Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 15-ին, դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու ու փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով դատական նիստը հետաձգվեց: Դատարան հրավիրված շտապ բժշկական օգնության բժիշկը նշեց, որ Իշխան Բարսեղյանի մոտ առկա է զարկերակային բարձր ճնշում` միջին ծանրության: Նա նշեց, որ Իշխան Բարսեղյանի ճնշումն անընդհատ տատնվում է, այն 160/100 է եղել, սակայն, անընդհատ փոփոխվում է: Բացի ճնշման տատնումից, Իշխան Բարսեղյանը նաեւ աղիքային խնդիր ունի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իշխան Բարսեղյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար դատարան է հրավիրվել շտապօգնություն:

Դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: