Փաստաբանին իր անմիջական պարտականությունները կատարելիս խուզարկելը չի թույլատրվում. Այս մասին այսօր՝ հունիսի 15–ին, Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դատավարությունների ժամանակ փաստաբանների խուզարկությանն ու քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրմանը:

Ըստ նրա՝ փաստաբանների նկատմամբ կատարված գործողություներն արձանագրված են ՄԻՊ աշխատակազմում, ՄԻՊ-ը գրություն է ուղարկել Դատական դեպարտամենտ և պահանջվել են պարզաբանումներ այդ գործողություների իրավական հիմքերի վերաբերյալ:

Թաթոյանը հիշեցրել է, որ քրեակատարողական հիմնարկների հետ կապված էլ խնդիր առաջացավ և իրենք նույնպես այս հարցը բարձրացրել են: «Ես հստակ չափանիշներ էի դրել, թե ինչպես ենք մենք շարժվելու: Առաջինը՝ իհարկե փաստաբանին խուզարկություն անելն արգելվում է: Երկրորդը, որ շատ կարևոր նշանակություն ունի, փաստաբանը երբ մուտք է գործում այս կամ այն տարածք՝ դատարան կամ կոնկրետ ՔԿՀ, մուտք է գործում վստահորդին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասաց Արմեն Թաթոյանը՝ նշելով, որ փաստաբանի մուտքի խոչընդոտումը նաև նրա վստահորդի վրա է անդրադառնում:

Արման Թաթոյանն ասել է, որ դատական նիստերին մասնակցող քաղաքացիների անձնագրային տվյալները դատարաններում հավաքագրելու վերաբերյալ նույնպես ՄԻՊ-ը հարցադրումներ է արել Դատական դեպարտամենտ և պատասխաններն ստանալուց հետո նոր կկարողանան գնահատականներ տալ: