«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հիմա կան մարդիկ, որոնք փորձում են դատապարտել Անդրիաս Բրեյվիկին (որն, ի դեպ,այնքան պարկեշտ է գտնվել, որ փոխել է իր անուն ազգանունը), բայց միտումնավոր չեն ուզում խորանալ իր իրականացրած ակցիայի պատճառների մեջ: Ի՞նչն է նրան ստիպել գնալ այդ ծայրահեղ քայլի, ո՞ւմ եւ ինչի՞ դեմ էր նա իր ակցիայով ընդվզել:
Նրանք, ովքեր չեն համարձակվում պատասխանել այդ հարցերին, այդ մարդիկ գտնվում են Նորվեգիայի կառավարության գրպանում եւ կատարում են նրա պատվերը: Բրեյվիկն ապստամբել էր Նորվեգիայի կառավարության միգրացիոն քաղաքականության դեմ: Ամեն օր Նորվեգիայում ապրող ասիացի եւ աֆրիկացի միգրանտները բռնաբարում են նորվեգացի աղջիկներին, թալանում են սուպերմարկետները, նրանց մասնակցությամբ տեղի են ունենում դանակահարություններ եւ փոխհրաձգություններ: Որեւէ մեկը դրա համար պատասխանատվություն կրե՞լ է, Նորվեգիայի կառավարության որեւէ անդամ կանգնե՞լ է դատարանի առջեւ: Պե՞տք է հայտնվեր մեկը, որը կկանգնեցրեր հանցագործությունների այդ ալիքը:
Դե ուրեմն, պարոնայք «օրինապաշտներ», սկզբից պահանջեք, որ դատվեն Նորվեգիայի իշխանությունները, եւ հետո միայն խոսեք Բրեյվիկի ենթադրյալ «հանցագործությունների» մասին, որոնք դեռ պետք է ապացուցել: Մարդիկ, որոնք դատապարում են Բրեյվիկին, պիտի դատապարտեն նաեւ Սասունցի Դավթին, Բրուտոսին, Րաֆֆու Սամվելին, Գեւորգ Մազպետունուն, Ռոբեսպիերին, Ռոդիոն Ռասկոլնիկովին, Լենինին, Տրոցկուն եւ Քինգ-Քոնգին:
Նրանցից ամեն մեկը յուրովի իրենց բողոքն են արտահայտել տիրող բարքերի դեմ, եւ նրանց արդար ընդվզումը չի հասկացվել իշխանամետ կոնֆորմիստների կողմից: Անդրեաս Բրեյվիկը պայքարում էր իր քաղաքական գաղափարների համար, իսկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում գրված է, որ եթե կառավարությունն այլ ելք չի թողնում, ապա ժողովուրդը (ուրեմն նաեւ՝ անհատը) իրավունք ունի ապստամբելու:
Բրեյվիկը ապստամբել էր, նա իր ակցիայով ոչ մի անձնական, նյութական շահ չէր հետապնդում, եւ այժմ նա ազատազրկվել է իր քաղաքական հայացքների համար: Նա, հետեւաբար, դասական քաղբանտարկյալ է, եւ աշխարհի բալոր մարդիկ ու բոլոր իրավապաշտպանները պարտավոր են պահանջել՝ ազատ արձակել արդարության մարտիկին:
Հ.Գ. Համենայնդեպս, նշեմ, որ սա ֆեյսբուքահայություն մի մասի հռետորական հնարքների նմանակում է: Իրականում ես չեմ արդարացնում որեւէ երկրի Քրեական օրենսգրքի որեւէ մի խախտում՝ անկախ բոլոր գեղեցիկ «պատճառաբանություններից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























