2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում կայացել է կոմիտեի նախագահին կից գործող ինժեներատեխնիկական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նորարարական տեխնոլոգիաների զարգացման, ներդրման ու կիրառության շրջանակների ընդլայնման նպատակով քննարկման են ներկայացվել երկու առաջարկներ` նոր կառուցվող եւ վերակառուցվող (ուժեղացվող) շենքերում սեյսմամեկուսացման համակարգերի ներդրման առավելությունների, տնտեսական շահավետության եւ դրանց կիրառության ընդլայնման, ինչպես նաեւ «Ամուռկավ» ապրանքային անվանմամբ ջերմաձայնամեկուսիչ արհեստական կերամիկական քարից մոդուլային տիպի տների («Նոր տուն») կառուցման վերաբերյալ:

Սեյսմամեկուսացման համակարգերի կիրառության վերաբերյալ հարցը ներկայացվել է տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի կողմից:

Նիստի մասնակիցները նշել են, որ սեյսմակայուն շինարարության ոլորտում սեյսմամեկուսացման հատուկ համակարգերի կիրառությունը, որը աշխարհում համարվում է զարգացող եւ առաջավոր նորարարական տեխնոլոգիա, ներդրվել է նաեւ Հայաստանում: Սեյսմամեկուսացման համակարգերի կիրառության նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ապահովվել է նախագծման եւ շինարարության համար անհրաժեշտ նորմատիվային դաշտ: Հանրապետությունում ներդրվել է նաեւ ռետինամետաղե սեյսմամեկուսիչների արտադրություն։

Սեյսմամեկուսացման տարբեր համակարգերի կիրառությամբ հանրապետությունում արդեն իսկ կառուցված են շուրջ 48 տարբեր նշանակության եւ կոնստրուկտիվ համակարգի շենքեր, որոնք անցել են որոշակի փորձաշրջան: Հաշվի առնելով կուտակված փորձը, սեյսմամեկուսացման համակարգերի կիրառության ընդլայնման հնարավորության վերաբերյալ հարցն առաջարկվել է քննարկել այդ շենքերում տեղադրված ռետինամետաղե սեյսմամեկուսիչների եւ շենքերի փաստացի տեխնիկական վիճակի համակողմանի ուսումնասիրությունների, ինչպես նաեւ՝ ավանդական եղանակներով եւ սեյսմամեկուսացման համակարգերի կիրառությամբ նախագծված տարբեր հարկայնությամբ ու կոնստրուկտիվ համակարգի շենքերի շինարարության արժեքների (ներառյալ սպասարկման ծախսերը) տեխնիկատնտեսական ցուցանիշների համեմատական վերլուծության արդյունքների հիման վրա:

«Ամուռկավ» ապրանքային անվանմամբ ջերմաձայնամեկուսիչ արհեստական կերամիկական քարի ֆիզիկամեխանիկական հատկությունների եւ դրանց կիրառությամբ մոդուլային տիպի տների կառուցման վերաբերյալ առաջարկը ներկայացվել է «M & MAVR» բաց բաժնետիրական ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Համամչյանի կողմից:

Քննարկման արդյունքում մասնագետների կողմից արտահայտված կարծիքի համաձայն «Ամուռկավը» որպես էկոլոգիապես մաքուր եւ հրակայուն ջերմաձայնամեկուսիչ նյութ, ֆիզիկամեխանիկական հատկությունների եւ այլ առանձնահատկությունների, ինչպես նաեւ շուկայում շրջանառվող այլ ջերմամեկուսիչ նյութերի նկատմամբ ունեցած առավելությունների շնորհիվ կունենա կիրառության լայն շրջանակներ եւ պահանջարկ: Առաջարկությունն արժանացել է հավանություն եւ որոշվել է աջակցել «Ամուռկավի» արտադրության կազմակերպման, ներդրման եւ անհրաժեշտ նորմատիվ դաշտի ապահովման գործընթացին:

Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի կողմից ամփոփվել են քննարկման արդյունքները եւ հստակեցվել դրանց հետագա ներդրման նպատակով անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը: