Հատուկ կարիքավոր մարդկանց համար ներդրվել է «911 ՍՕՍ» անվճար հավելվածը:
Այս առնչությամբ, Հայաստանի ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«911 ՍՕՍ» անվճար հավելվածը, որը նախատեսված է «Android» եւ «IOS» համակարգերով աշխատող սմարթֆոններ համար, լավագույն միջոց է հատուկ կարիքավոր մարդկանց համար` դժվարին պայմաններում «911» ահազանգելու: Համակարգը հատկապես օգտակար է շարժական խնդիրներ ունեցող օգտատերերի, արտակարգ իրավիճակում հայտնված եւ տեսնելու, խոսելու կամ լսելու հնարավորությունը կորցրած քաղաքացիների համար, ովքեր ահազանգ կատարելու համար կարող են պարզապես հպվել հավելվածի «ՍՕՍ» կոճակին, որից հետո ահազանգը կգրանցվի ԱԻ նախարարության համապատասխան ծառայությունում:
Հավելվածը.
- Ներառում է հետադարձ կապ հաստատելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս «911» օպերատորներին ավելի ճշգրիտ եւ ծավալուն տեղեկատվություն ձեռք բերել պատահարի վերաբերյալ՝ ստեղծված իրավիճակին համապատասխան արձագանքում կազմակերպելու նպատակով:
- Ընձեռում է թիրախային իրազեկման հնարավորություն, որի շնորհիվ գրանցված բոլոր բաժանորդները կարող են միաժամանակյա տեղեկություն ստանալ տվյալ գոտում գրացված պատահարի եւ անհրաժեշտ վարքականոնների ու գործողությունների վերաբերյալ:
- Նախատեսում է տեղեկատվության զետեղման տիրույթներ, ուր կարելի է մուտքագրել, օրինակ, բաժանորդի առողջական վիճակի բնութագրերը՝ հիվանդության առանձնահատկությունները, արգելված ու տվյալ պահին օգտագործվող դեղորայքը եւ այլն»:





























