Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորվածներին երեք օր անազատության մեջ պահելու եւ ծեծի ենթարկելու հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս ամսին այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանի շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալն իր ցուցմունքում նշել է, որ մինչեւ ձերբակալվելն, իրեն ու մյուս երկու մեղադրյալներին անհայտ անձինք պահել են անազատության մեջ եւ ծեծի ենթարկել, որի հետեւանքով էլ վնասվածքներ եւ առողջական խնդիրներ է ձեռք բերել:

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալին հասցված վնասվածքները ՁՊՎ-ում  արձանագրվել են, այժմ էլ  դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ վնասվածքների հանգամանքները պարզելու համար:

«Նրա առողջական վիճակն այնպիսին էր, որ ես էլ մինչեւ ցուցմունքին ծանոթանալն հարցրել եմ՝  լավ չի զգո՞ւմ: Ակնհայտ երեւում էր, որ վատառողջ է, ջերմություն ունի՝ բորբոքային պրոցեսի պատճառով: Նա ասաց, որ  անհայտ անձինք 3 օր տարել են, պահել են անազատության մեջ, առաջին օրը ծեծի են ենթարկել, դանակի ծակած-կտրած վերք ունի նաեւ ոտքի վրա: Նա պատմեց, որ սկզբից երկու ամբաստանյալներին են տարել, իսկ հետագայում խաբեությամբ իրեն կանչել են այդ վայր, ինքն էլ գնացել է եւ  նրանց ծեծված վիճակում հայտնաբերել, որից հետո նաեւ իրեն են անազատության մեջ պահել: Այնուհետեւ այդ նույն զինված անձինք նրանց հանձնել են  ոստիկաններին, որոնք  վարձակալած տան մոտ սպասելիս են եղել»,-ասաց պաշտպանը:

Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, հայտնում է, որ ինքն այդ վայրում է գտնվել ընկերոջ հրավերով:

«Ընկերոջ վարձակալած տուն է գնացել խորոված ուտելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Իմ պաշտպանյալը Հայաստանում չի բնակվում, արտագնա աշխատանքի է եղել մշտապես: Այս անգամ եկել էր ընտանիքին տեսակցելու եւ ստեղծվել է այդ իրավիճակը: Նա նշում է, որ որեւէ առնչություն չունի ու սպանության նախապատրաստության մասին խոսք լինել չի կարող:  Այդ տունն էլ վարձակալված է եղել, գնացել է ընկերոջը հյուր եւ դրանք այդ տանն են հայտնաբերվել: Տեղեկություն չունի, թե այդ վարձակալված տանն ինչպես է այդ ռազմամթերքը հայտնաբերվել»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի խումբ անձանց կողմից՝ պատվերով, անձի (Դոն Պիպոյի) սպանության նախապատրաստության, զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար մայիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել 3 հոգու՝  ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ  կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քննությամբ պարզվել է առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության համար անհրաժեշտ փոխադրամիջոցը ձեռք բերելու նպատակով խմբի անդամներին գումար տրամադրած անձի ինքնությունը, եւ որ  խմբի անդամների միջեւ հաղորդակցությունն ապահովելու նպատակով  օգտագործվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտեր։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու եւ նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: