Երեւանում 2017 թվականի հունիսի 17-24-ը՝ Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ տեղի կունենա պատանի եւ երիտասարդ դաշնակահարների Առնո Բաբաջանյանի անվան միջազգային IV մրցույթ- փառատոնը։

Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը եւ Առնո Բաբաջանյանի անվան Երեւանի պետական երաժշտամանկավարժական քոլեջը։ 

Այս տարի ներկայացվել է 95 հայտադիմում՝ Երեւանից, Հայաստանի մարզերից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանից, Վրաստանից, Սիրիայից, Իրանից Ֆրանսիայից, Էստոնիայից։

Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը հատուկ անվանակարգ է սահմանել երիտասարդկան խմբում ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունների լավագույն կատարման համար։ Հաղթողը կպարգեւատրվի հատուկ մրցանակով։

Միջազգային ժյուրիի կազմում ներառված են հայտնի երաժիշտներ. Սերգեյ Սարաջյան (Հայաստան)՝ դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սվետլանա Նավասարդյան  (Հայաստան)՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դաշնակահար, Կադրի Լեյվատեգիա (Էստոնիա)՝ Տարտու քաղաքում Հեյնո երաժշտական դպրոցի տնօրեն, Էստոնիայի երաժշտական դպրոցների վարչության միության ղեկավար, Գուլժամիլա Մուհամեջանովա  (Ղազախստան)՝ միջազգային մրցույթների դափնեկիր, դասավանդում է միջին մասնագիտական երաժշտական դպրոցում, Ալեքսանդր Գարբեր (Վրաստան)՝ դաշնակահար, Վ. Սարաջիշվիլիի անվան Թբիլիսիի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արմինե Գրիգորյան (Հայաստան)՝ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Սուրեն Զաքարյան (Հայաստան՝) կոմպոզիտոր-դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Վաղարշակ Հարությունյան (Հայաստան)՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, Արմեն Բաբախանյան (Հայաստան)՝ դաշնակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Գայանե Հախնազարյան (Ռուսաստան)՝ դաշնակահար, պրոֆեսոր, Մոսկվայի պետական կոնսերվատորիային առընթեր ակադեմիական երաժշտական քոլեջի դասախոս։ 

Փառատոնը կանցնի հետեւյալ ծրագրով.

Հունիսի 17, 19։00՝ Մրցույթ-Փառատոնի բացում,

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն (Իսահակյան 1)

Հունիսի 18, 20, 10։00-ից՝ I, II «Երիտասարդական խմբերի» մասնակիցների լսումներ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (Զարոբյան 3)

Հունիսի 19, 10։00-ից՝ «Պատանեկան» «Ա» խմբի մասնակիցների լսումներ,

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (Զարոբյան 3)

Հունիսի 22, 23՝ 10։00-ից՝ «Պատանեկան» «Բ» խմբի մասնակիցների լսումներ,

Առնո Բաբաջանյանի անվան Երեւանի պետական երաժշտամանկավարժական քոլեջ  (Ազատության 18)

Հունիսի 24, 18։00՝ Մրցույթ-փառատոնի փակումը, Գալա համերգ,

«Առնո Բաբաջանյան» համերգասրահ (Աբովյան 2)։

Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն է «Ար-Տուր Բաս» ընկերությունը եւ Երեւանի «Գնոմոն» ոսկերչական գործարանը, «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, «Տաշիր» գրուպն ու «Մագենթրոն» ընկերությունը։ Տեղեկատվական հովանավորներ՝ Հայաստանի հանրային ռադիոընկերություն եւ Հայատանի հանրային հեռուստաընկերոթյուն։

Մրցույթ փառատոնին աջակցում են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիան, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամն ու Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։