ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր՝ հունիսի 16-ին, կայացել է խորհրդակցություն՝ նվիրված Գյուղատնտեսության քաղաքականության մոնիթորինգի եւ գնահատման կարողությունների զարգացման ծրագրի քննարկմանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության գծով գլխավոր տնտեսագետ Բեկզոդ Շամսիեւը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Մենք չունենք գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար անհրաժեշտ դեզագրեգացված գյուղատնտեսական տվյալների բազա, որը մեզ հնարավորություն կտա մշակել գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: Շնորհակալ ենք Ճապոնիայի կառավարությանը եւ Համաշխարհային բանկին՝ գյուղատնտեսության բոլոր ցուցանիշներն ու տվյալները թվայնացնելու ծրագրի մասին մեր առաջարկն ընդունելու եւ աջակցելու համար»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Ճապոնիայի դեսպանը նշել է, որ Ճապոնիայի կառավարության աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը հիմնականում միտված է սոցիալական եւ տնտեսական զարգացման ուղղություններին, եւ այս ծրագրի մեկնարկը շատ կարեւոր քայլ է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար:

Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ Ճապոնիայի կառավարության կողմից Համաշխարհային բանկի միջնորդությամբ տրամադրվել է 1.8 մլն դոլարի դրամաշնորհ, որի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտում մոնիթորինգի եւ տվյալների հավաքագրումն է:

Աշխարհագրական թվայնացման նշված համակարգով իրականացվում է տիեզերական պատկերների, հեռավար զոնդավորման, սպեկտրալ անալիզի վերլուծություն, վնասների գնահատում, գյուղատնտեսության ոլորտում առկա ամբողջ տվյալների հավաքագրում (հողերի կարգավիճակ, մշակովի եւ անմշակ հողտեսքեր, ջրային ռեսուրսներ, տվյալ տարածքում աճեցվող մշակաբույսերի տեսակներ եւ այլն):

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է ս.թ. հուլիս ամսին՝ հանրապետության մեկ մարզում, պիլոտային ձեւաչափով: Ծրագրի աշխատանքներում կներգրավվեն հիմնականում հայ մասնագետները, ովքեր կանցնեն համապատասխան վերապատրաստում՝ ծրագրի հետագա սպասարկումը եւս իրականացնելու համար: