Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու խափանման դեպքում մարդկանց տարհանումը բարձրությունից» թեմայով:

Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թ.-ից: 2004-2007 թթ. ճոպանուղին ամբողջությամբ փոխարինվել է եւ զինվել լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով՝ ակտիվ եւ անվտանգ հանգիստ ապահովելով զբոսաշրջիկների եւ լեռնադահուկային սպորտի սիրահարների համար:

Նմանատիպ վարժանքը տուրիստական կարեւորագույն վայրերից մեկում առաջնային է եւ աննախադեպ: Արտակարգ պատահարների ժամանակ փրկարարական գործողություններին նախեւառաջ խանգարում է քաղաքացիների խուճապը, ուստի վարժանքի ընթացքում փրկարարները քննարկում եւ հաղթահարում են հնարավոր ցանկացած արգելք՝ մարդկանց տարհանումը կազմակերպելու համար:

Ուսումնավարժանքի նպատակներն էին.

• բարձրացնել փրկարարական աշխատանքները ղեկավարող անձանց գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատման, ներգրավված ուժերի եւ միջոցների ղեկավարման ուղղությամբ.

• կատարելագործել ուսումնավարժությանը ներգրավված ուժերի գործնական հմտությունները փրկարարական աշխատանքների ժամանակ.

• ստուգել կազմակերպության անձնակազմի պարտականությունների կատարումը՝ մինչեւ համապատասխան ստորաբաժանումների ժամանումը:

Ըստ ուսումնական վարժանքի մտահղացման՝ ճոպանուղու երկրորդ կայանը խափանվել է: Առաջին եւ երկրորդ աշտարակների միջեւ ճոպանուղու երկու ուղղություններում, թվով 6 նստարանների վրա, 25-30մ բարձրության վրա արգելափակվել են քաղաքացիներ: Անհրաժեշտ է արագ եւ անվտանգ կազմակերպել քաղաքացիների տարհանումը:

Փրկարարական աշխատանքներում ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, մարզային փրկարարական վարչության, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցներ:

Տեղում ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը հետեւում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն, փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը:

«911» ծառայություն ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր ժամանած փրկարարները սկսեցին փրկարարական գործողությունները: Ռուս գործընկերների հետ համատեղ, հատուկ լեռնափրկարարական գույք-սարքավորումներով, արագ կազմակերպվեց արգելափակված քաղաքացիների տարհանումը եւ անվտանգ տարածք տեղափոխումը:

ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում եւ մարզերում պարբերաբար կազմակերպում է նմանատիպ վարժանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել եւ կատարելագործել փրկարարական ջոկատների գործնական հմտությունները, ստուգել փրկարարների եւ համապատասխան կառույցի աշխատակիցների պատրաստվածության աստիճանը: