2016 թ. Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի` «Արարատբանկի» վարկերի պորտֆելն աճել է 58,7 տոկոսով` հասնելով շուրջ 104,9 մլրդ դրամ: Այդ մասին բանկի ընդհանուր ժողովին հայտարարել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը:
Բանկի ընդհանուր ակտիվներն աճել են 51,8%-ով ու կազմել շուրջ 200,5 մլրդ դրամ: Բարելավվել է նաեւ ակտիվների կառուցվածքը. եկամտաբեր ակտիվների կշիռն աճել է 4,82 տոկոսային կետով ու կազմել 71,26%:
Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 52,7%-ով` կազմելով 167,3 մլրդ դրամ, այդ թվում ներգրաված ավանդները կազմել են 107,1 մլրդ:
Ընդ որում, բանկը ներգրավել է զգալի ծավալի վարկեր` միջազգային գործընկերներից: 2016 թ. տարեւերջի դրությամբ բանկը ներգրավել է շուրջ 39,7 մլրդ դրամ` բարենպաստ պայմաններով (5 եւ ավելի տարի մարման ժամկետով):
Բանկի զուտ շահույթը կազմել է 1 մլրդ 98,5 մլրդ դրամ (2015-ի համեմատ աճել է 15,7%-ով): Սրանից 300 միլիոնն ուղղվել է բանկի պահուստային կապիտալ, իսկ մնացածը` վերաներդրվել:
Անցած տարում Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից բանկը ճանաչվել է Հայաստանում լավագույնը` առեւտրի ֆինանսավորման ոլորտում:
Ընդ որում, այս ծառայությունները բանկը լայնորեն մատուցում է նաեւ փոքր ու միջին ձեռնարկություններին` տրամադրելով նաեւ անհրաժեշտ խորհրդատվություն:
Բացի դրանից, Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայի կողմից մրցանակաբաշխության արդյունքներով բանկը 4-րդ անգամ արժանացավ «Բորսայի լավգույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում» մրցանակին:
«Արարատբանկի» նշանակալից մասնակիցներն են` «Ֆլեշ» ՍՊԸ-ն, որի մասնաբաժինը կազմում է 64.24%,Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը` 25.00% և «Ռուռալ Իմպուլս» հիմնադրամը` 10.00% մասնաբաժնով:





























