Հարկահավաքության առաջանցիկ տեմպը կարող է շարունակվել մինչեւ 2017 թվականի վերջ: Այս մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ 2017 թվականի համար բյուջեի եկամուտները կանխատեսվել են 1 տրլն 135 մլրդ դրամ (մոտ 2,33 մլրդ դոլար) ծավալով: Սակայն տարվա ընթացքում կառավարությունը այս ցուցանիշը շտկել է մինչեւ 1 տրլն 197 մլրդ դրամ՝ հարկահավաքությունը առաջանցիկ կատարելու շնորհիվ: 2017 թվականի 1-ին եռամսյակի տվյալներով՝ բյուջե է մուտքագրվել նախատեսվածից 24,3 մլրդ դրամով ավելի հարկ՝ 255 մլրդ դրամ: Իսկ ապրիլին ակնկալվում էր հավաքել 100 մլրդ դրամ, սակայն փաստացի հավաքվել է 107,5:
«Երկար ժամանակ առաջին անգամ բյուջեն աճի ուղղությամբ է շտկվում: Եթե արտաքին տնտեսական պայմաններում ֆորս-մաժոր տեղի չունենա, միանգամայն կհաջողվի հասնել մեծացված ցուցանիշներին»,- հավելեց Արամյանը:





























