Պետությունը ցանկանում է բիզնեսի համար դյուրացնել ԱԱՀ-ի մասով դեբետի վերադարձը: Այս մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:
Հիմա ԱԱՀ-ի ավելցուկային դեբետը (կամ գնումն ավելի շատ է, քան վաճառքը) կարելի է դուրս գրել միայն ԱԱՀ-ի ապագա հաշվարկներից (այսինքն՝ հաջորդ եռամսյակի հաշվին): Հիմա առաջարկվում է, որ կես տարին մեկ անգամ՝ մինչեւ հաջորդ ամսվա 21-ը (օրինակ՝ մինչեւ 1-ին կիսամյակի հուլիսի 21-ը) դուրսգրում կատարել նաեւ մյուս հարկերից: Դրա համար պետք է նշված ժամկետում դիմում ներկայացնել: Առաջարկվում է նոր կարգը գորոծողության մեջ դնել 2017 թվականի հուլիսի 1-ից: «Իհարկե, առաջին ամիսներին հարկային մուտքերը մի փոքր կկրճատվեն, սակայն հետո այն կփոխհատուցվի տնտեսության ակտիվացմամբ: Այս դեպքում բիզնեսը կարող է դուրսգրումն անմիջապես կատարել, այլ ոչ թե դա պետությունից սպասել եւ բանկից ավելորդ վարկեր չվերցնել շրջանառությունը լրացնելու համար: Սա գործնական մթնոլորտի բարելավման ազդակներից մեկն է, որը մեր թիմը, վարչապետի ղեկավարությամբ, ցանկանում է առաջարկել տնտեսությանը եւ պոտենցիալ ներդրողներին»,- նշեց Արամյանը:





























