ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Անախօրեին Երեւանի 51-ամյա բնակչի սպանության հանգամանքները:

ՀՀ Քնչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «2017 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 16:00-ին, «Շտապ օգնություն» ծառայության ենթակայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Ավանի  տներից մեկում հայտնաբերվել է 1965թ. ծնված տղամարդու դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, եւ տան նախասրահում` մահճակալին պառկած, հայտնաբերվել է նույն տան բնակչի դին՝ գլխի շրջանում թվով 4 «սալջարդ վերք» մարմնական վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի, առերեւույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ: Սակայն հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը՝ այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված սպանության մեջ կասկածվում է սպանված Գ. Հ.-ի 21-ամյա հարսը. ըստ տեղեկությունների, սկեսրայրը փորձել է սեռական բնույթի ոտնձգության ենթարկել հարսին, վերջինս դիմադրել է եւ ինքնապաշտպանության նպատակով արդուկով հարվածել է նրան, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։