Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը պատրաստ է «հեղինակության, պատասխանատվության, աշխատանքի վարկ» տրամադրել ավագանու խմբակցություններին:
Այսօր՝ հունիսի 16-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կամո Արեյանն անդրադարձավ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հնչեցրած մեղադրանքներին:
«Ես իմ տեղը լավ գիտեմ, որտեղ ես եմ, պատիվ եմ բերում այդ տեղին, տեղի պատիվը կապված է իմ հեղինակության հետ: Իմ աշխատանքը գնահատողը երեւանցիներն են, ընդամենը հինգն էին, իսկ հինգ հոգու կարծիքը դեռ ամբողջ երեւանցիների կարծիքը չէ: Հանցանք չեմ ունեցել պետության եւ քաղաքի նկատմամբ, թերացումներ եղել են: Ամենեւին էլ կարիքը չունեի գովասանքի, կրեդիտով չեմ ընտրվել: Կենսագրությունս այնքան հարուստ է, որ կարող եմ հեղինակության, աշխատանքի, պատասխանատվության վարկ տրամադրել հազար այդպիսի խմբակցության»,- ասաց Կամո Արեյանը:
Անդրադառնալով «Երկիր Ծիրանիի» այն մեղադրանքին, թե Կամո Արեյանի պաշտոնավարման տարիներին է մայրաքաղաքում կրճատվել կանաչ տարածքները, փոխքաղաքապետը նշեց, «Չեմ ընդունում այդ մեղադրանքը: Իմ մարդկային եւ պաշտոնեական պատասխանատվությունը թույլ չտվեց մոտենալ ամբիոնին եւ պատասխանելու այդ հարցին, քանի որ հարցն ադեկվատ չէր, կարիքը չունեի արդարանալու, կարիքը չունեի պաշտպանության, կարիքը չունեի որեւէ կրեդիտավորման: Աշխատել եմ եւ պատասխանատու եմ բոլոր ժամանակների համար: Չեմ ամաչում իմ աշխատած տարիներին եւ իմ աշխատանքից»:
Նշենք, որ Կամո Արեյանը Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ է արդեն 14 տարի: Այսօր ես նա վերընտրվեց: Արեյանի օգտին կողմ քվեարկեցին Հանրապետական խմբակցության անդամները, «Երկիր Ծիրանին» դեմ քվեարկեց, իսկ «Ելքը»՝ ձեռնպահ:




























