«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու ելույթում ես, ճիշտն ասած, ոչ առանձնապես սուր քննադատություն տեսա, ոչ արտառոց ձեւակերպումներ, ոչ էլ, առավել եւս, Հայաստանի ինք­նիշխանության հանդեպ նկրտումներ: Այսինչ հարցում լավ է, այնինչ հարցում վատ է, այստեղ առաջընթաց կա, այնտեղ չկա: Նման ելույթներ առաջներում նույնպես ունեցել են թե Սվիտալսկին, թե արեւմտյան այլ դիվանագետներ:

Չեմ կարծում, որ նա դուրս է եկել իր դիվանա­գիտական գործառույթներից: Բայց, եթե նման բան կա, ապա մենք ունենք ԱԳՆ, որը պետք է խստորեն հետեւի դեսպանների վարքագծին եւ սխալ թույլ տված դիվանագետին կանչի նախա­րարություն ու մատնանշի այդ սխալը: Եթե նման բան չկա, ապա «ներքին գործերին խառնվելու» մասին հայտարարություններին թույլ տվեք չհա­վատալ:

Վերցնենք այսպիսի մի դեպք: Ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանը հայհոյանքներով եւ սպառնա­լիքներով հարձակվել է «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի վրա, իսկ ոստիկանությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել՝ հայտարարելով, որ այստեղ հանցակազմ չկա: Ենթադրենք, որեւէ դիվանագետ ինչ-որ մի սեմինարի ժամանակ արձանագրում է այդ փաստը: Արդյոք դա կհա­մարվի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանու­թյան հանդեպ: Կարծում եմ՝ ոչ: Դա պարզապես ազդանշան է՝ ուղղված ընտրական հանձնաժողո­վին եւ ոստիկանությանը: Կուզեն՝ ուշադրություն կդարձնեն, չեն ուզի՝ իրենց կպահեն «սուվերեն»՝ օրենքից եւ բարոյականությունից:

Քաղաքական գործիչները, պաշտոնյաները, ինձ թվում է, հակառակը՝ պետք է շարունակեն աշխա­տել, մասնավորապես, Եվրամիության հետ, դա, բացի օգուտից, ոչ մի այլ հետեւանք չի բերի: Օրինակ՝ ընտրական տեղամասերում լուրջ խախ­տումների էական նվազումն այս օգուտներից մեկն է: Ի՞նչ պետք է անել նվազեցնելու համար վար­չական ճնշումն ու ընտրակաշառքը՝ դա զուտ քա­ղաքական խնդիր է: Սվիտալսկին ճի՞շտ է վար­վել, որ մատնանշել է այդ խնդիրը: Վստահ եմ, որ՝ այո, եւ այստեղ ոչ մի նեղվելու բան չկա:

Այնպես որ, կառաջարկեի իշխանության ներ­կայացուցիչներին չշարունակել «աբիժնիկական» հայտարարությունները եւ, ինչպես ասում են, խո­սակցությունը տեղափոխել կառուցողական դաշտ: Ո՞րն է այդ դաշտը: Իհարկե, երկխոսությունը՝ ոչ այնքան դեսպանների, որքան սեփական հասա­րակության հետ:

Իսկ դեսպանները... Նրանք արտահայտում են իրենց երկրների, իրենց կառույցների արժեքային համակարգը: Իվան Վոլինկինը, օրինակ, ժամանակին խորհուրդ էր տալիս սահմանափակել հասարակական կազմակերպությունների գործունեությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում