Սյունիքում ուրանի հանքավայրերի շահագործումը բացասական ազդեցություն կունենա մարզի էկոհամակարգի վրա. այն կհանգեցնի մարզի վայրի կենդանիների` սողունների, կաթնասունների եւ ձկնատեսակների ոչնչացմանը: Նոյեմբերի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սյունիքի մարզի «Խուստուփ» բնապահպանական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը:

«Այն տարածքները, որտեղ փորվելու են ուրանի հորատանցքեր եւ լցվելու է թույլ խտությամբ ծծմբական թթուն, այնտեղ ռեզերվուարներ չկան, որ այդ լուծույթը չտարածվի շրջակա միջավայրի վրա: Ընդերքում լեռնային ապարներն ունեն մեծ ճաքեր եւ հեղուկը այդ ճաքերով խառնելով ապարների մեջ գտնվող ջրային հոսքերին, աղբյուրներով ինչ-որ տեղից դուրս գալով կխառնվի Ողջի գետին, կապականի ջրային ավազանը: Գետը հոսում է Կապանի միջով եւ  բացի նրանից, որ գետի ջրով ոռուգում են Կապանի այգիները, վայրի կենդանիները` սողունները, կաթնասուններն ու ձկնատեսակները, որոնք օգտվում այդ ջրից եւ առանց այդ էլ գրանցված են կարմիր գրքում, կհայտնվեն  ոչնչացման եզրին»,-ասաց Վլադիկ Մարտիրոսյանը:

Բացի այդ, բնապահպանը նշեց, որ այն ազդեցություն կունենա Սյունիքի անտառների վրա, որոնք, ի դեպ, կազմում են Հայաստանի ընդհանուր անտառների 23 տոկոսը: Դրանք կենթարկվեն գենետիկամարֆոլոգիական փոփոխությունների:

Վլադիկ Մարտիրոսյանի համոզմամբ, ուրանի հանքավայրերի շահագործումը ոչ միայն Կապանի կամ Լեռանաձորի, այլեւ ողջ Հայաստանի խնդիրն է, քանի որ այն բերելու է նաեւ մարդկային ռեսուրսների կորստի:

«Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանի նման փոքր երկրում ուրանի հանքավայրեր շահագործվեն»,-ասաց նա` հավելելով, որ  այն վայրերը, որտեղից ուրան է  արտահանվում, հետագայում դառնում են աղետի գոտիներ: