«Հայազն» կուսակցությունն ինքնալուծարվում է: Նման որոշում է կայացվել կուսակցության արտահերթ 4-րդ համագումարում, որը տեղի է ունեցել Երեւանից դուրս:

Այս առնչությամբ, կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայազն» կուսակցությունը Երեւանից դուրս անցկացրել է իր արտահերթ 4-րդ համագումարը, որին իբրեւ հյուր ներկա էին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները: Համագումարի 30 պատվիրակները, քննության առնելով Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ անվտանգության խնդիրները, միաձայն որոշեցին ընդունել հետեւյալ բանաձեւերը.

1. Հայաստանում ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններում արձանագրված ցուցանիշները գաղափարական այլընտրանքի բացակայության արդյունքն են:

2. Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման եւ երկրում որակական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է կուռ, միասնական եւ մեծ քաղաքական թիմ, որն իր առջեւ խնդիր է դնելու հանդես գալ երկրում քաղաքական օրակարգ ձեւավորելու դիրքերից:

3. Հիմք ընդունելով սույն թ-ի մայիսի 1-ին «Հայազնի» եւ ՍԴՀԿ-ի կողմից իրականացրած միասնական համաժողովում ընդունված Մանիֆեստը, անցնել սոցիալապես անպաշտպան խավերի քաղաքական շահերի ներկայացման կարեւորագույն գործընթացին:

4. Գիտակցելով Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարցում համահայկական ներուժի օգտագործման հրամայականը եւ ունենալով գաղափարական ու քաղաքական նույնական հայացքներ,

Համագումարը որոշեց

«Հայազն» կուսակցությունը  ինքնալուծարվում է եւ իր կազմակերպական ողջ ներուժով առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներառվում է Հայ իրականության առաջին քաղաքական՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը՝ մաս կազմելով համահայկական մեծ ընտանիքին: