Համայնքների խոշորացման արդյունքում կարողացել ենք ձեռք բերել երկու տրակտոր: Այս մասին, հունիսի 16-ին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի՝ Շիրակի մարզի խոշորացված Սարապատ համայնք այցելության ժամանակ նշել է համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային խորհրդակցության ժամանակ Վաչե Տերտերյանն ու Արթուր Խաչատրյանը ներկայացրել են տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների ընթացիկ փուլի առաջնայնությունները, գործընթացային եւ առօրյա աշխատանքին վերաբերող կարեւոր հիմնահարցեր:

Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը ներկայացրել է անցած ամիսներին իրականացված աշխատանքները, որոնք հնարավոր են եղել իրականացնել միայն բնակավայրերի հնարավորությունների միավորման արդյունքում:

«Կարողացել ենք ձեռք բերել երկու տրակտոր, որոնց միջոցով իրականացրել ենք Սարապատ-Գոգահովիտ-Հողմիկ 7 կմ ճանապարհահատվածի, Սալուտ – Բաշգյուղ – Փոքր Սարիար – Կաքավասար – Սարապատ - Ձորաշեն   բնակավայրերի 28 կմ, Թորոսգյուղ – Լեռնագյուղ - Բաշգյուղ 5 կմ ճանապարհների հարթեցման եւ հողային աշխատանքներ, ինչն իրապես կարեւոր աշխատանք էր բոլոր այս բնակավայրերի համար»,- ասել է  Ա. Մանուկյանը:

Համայնքի ղեկավարի տեղակալն էլ, որը մինչ խոշորացումը ղեկավարել էր Փոքր Սարիար համայնքը, նկատել է, որ  մինչ խոշորացումը թերահավատորեն էի նայում միավորման արդյունավետությանը, սակայն հիմա դրական տեղաշարժերը երկար սպասեցնել չտվեցին: Նրա խոսքով,  Փոքր Սարիարի համար դաշտային աշխատանքների իրականացման անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերումը երազանքի նման մի բան էր 20 տարի շարունակ, սակայն հիմա Սարապատն ունի 3 միավոր տեխնիկա, որն առավել դյուրացնում է գյուղատնտեսական աշխատանքները:

«Ձեր օրինակը լավագույններից մեկն է, երբ համայնքի խոշորացումն արդյունք է տվել, իրականացվել են ծրագրեր, որոնք մինչ խոշորացումը չէին կատարվել»,- նշել է Վաչե Տերտերյանը:

Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներին: Մարզպետ Արթուր Խաչատրյանը կարեւորել է սեփական եկամուտների ժամանակին հավաքագրումը: «Հավասարակշիռ թիմ եք ձեւավորել, կարող եք աշխատել, մնում է ձեր աշխատանքը լինի թափանցիկ, վստահ եմ հարկերի հավաքագրման ցուցանիշներն առավել կբարձրանան, եթե դուք ապահովեք բյուջետային ծախսերի վերաբերյալ բացարձակ թափանցիկություն»,-ասել է Շիրակի մարզպետը: